Բաքվում կալանավորված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը որպես Հայաստան չվերադառնալու պատճառ նշել է վերջինիս առողջական վիճակի վատթարացումը և կոչ արել ԿԽՄԿ-ին տեղեկատվություն տրամադրել Էուլջեքչյանի վիճակի մասին, հաղորդում է Modern Diplomacy-ն։
«Դիտորդները պարզել են, որ վերջին րոպեին փոխանակումը կարող էր պայմանավորված լինել Վիգենի վատառողջությամբ և ծանր մտավոր և էմոցիոնալ ճնշումով: Էլ չենք խոսում այն մասին, որ նա ապրում է բանտային անտանելի պայմաններում»,- ասվում է արգենտինացի փաստաբան Լուչիանա Մինասյանի և թուրք լրագրող Ուզայ Բուլութի բաց նամակում Էուլջեքչյան ընտանիքի անունից։
Մինասյանը և Բուլութն ասել են, որ Էուլջեքչյանը վերջին պահին փոխարինվել է մեկ այլ բանտարկյալով և կոչ են արել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն օգնել տեղեկություններ ստանալ նրա գտնվելու վայրի և առողջության մասին:
Նրանք ընդգծել են, որ լիբանանահայի անվան՝ ազատ արձակվելիք ռազմագերիների ցուցակում հայտնվելով՝ Էուլջեքչյանի բոլոր հարազատներն անհամբեր սպասում էին ընտանիքի հոր վերադարձին, սակայն այն բանից հետո, երբ նրա անունը վերջնական ցուցակից անհետացել էր, ընտանիքը հուսախաբ է եղել:
Նամակը ստորագրել են նաև «120 հազար պատճառ» սփյուռքի 16 կազմակերպությունների կոալիցիան, Կառավարության և միջազգային հարաբերությունների Անգլիկական գրասենյակը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Հունա-ամերիկյան առաջնորդների խորհուրդը (HALC), Իրաքի քրիստոնյաների օգնության խորհուրդը (ICRC), ինչպես նաև Global ARM-ը և «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմալերպությունը (IDC):
Վիգեն Էուլջեքչյանը ծագումով Լիբանանից է, ունի Հայաստանի և Լիբանանի երկքաղաքացիություն։ Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021 թվականի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր դեկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած վերադարձվող գերիների ցուցակում, սակայն բացակայում էր դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետի հրապարակած վերջնական ցուցակից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին նշել Հայաստան վերադարձած բանտարկյալների թվում Էուլջեքչյանի բացակայության պատճառները։