Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության արձագանքը:
Դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ ՀՌՀ-ն նշել է, որ հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ի հեռարձակման լեցենզիան (ոչ «Sputnik Արմենիա» ռադիոյի, որի գործունեության կարգավորումները ՀՌՀ-ի գործառույթներից դուրս է, և որը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի բոլոր մեդիահարթակներում՝ բացառությամբ հանրային մուլտիպլեքսի):
Ըստ հանձնաժողովի՝ «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է թե՛ Հայաստանի օրենսդրությունը և թե՛ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերություններ» մեկնաբանության հետ:
Գերատեսչությունից հայտնում են, որ «Ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով, օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, և նույնիսկ մեծ երևակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։
«Եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով»,- նշվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարել էր, որ ռադիոյի հեռարձակման դադարեցումը զիջում է նրանց համար, ովքեր գնալով ավելի են բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման մասին։
Դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով կասեցրել էր «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի գործունեությունը: