Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հերքել է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի պատրաստմանն իր գործակցությունը: Դասագրքում տեղ գտած սխալների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ զարմանք է հարուցում գրքի տիտղոսաթերթում զետեղված միտքը, որ իբր գիրքը պատրաստվել է Մայր Աթոռի հետ գործակցությամբ:
«Մինչդեռ ոչ մի հարաբերություն Մայր Աթոռի ոչ մի կառույցի հետ չի հաստատվել: Ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է հավելյալ կերպով մարդկանց մոտ պատկերացում ստեղծելու, թե իբր Մայր Աթոռը ևս մասնակից է այս դասագրքի կազմմանը»,- նշել է հոգևորականը՝ ավելացնելով, որ դասագիրքն էականորեն շեղում է մինչև այսօր գոյություն ունեցող չափանիշներից և արմատապես տարբերվում է:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ դասագիրքը հեղեղված է բազմաթիվ սխալներով ու բացթողումներով: Նա հայտնել է, որ գրքում հպանցիկ է նախահայր Հայկի մասին հիշատակությունը, չի շեշտվում Արարատ լեռան ու Սուրբ Էջմիածնի արժեքը: Արշակ սրբազանը մատնանշել է նաև կոնկրետ քրիստոնեությանը վերաբերող բազմաթիվ սխալներ ու վրիպակներ:
«Հետաքրքրիր է մի այսպիսի սպրդում, նշում են, որ պատմությունը պետք է վերատեսենք, միգուցե պատմության նկատմամբ մեր պատկերացումները պե՞տք է վերատեսենք: Պատմությունն այն է, ինչ տեղի է ունեցել: Սրանով միամտորեն մատնում են, որ ուզում են պատմությունը խմբագրել, ոչ թե պատմության նկատմամբ իրենց մոտեցումները»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ սերունդների գիտակցության մեջ մխրճվում են կերպարներ, իրադարձություններ ու դրանց նկատմամբ յուրահատուկ մոտեցումներ, ուստի եկեղեցու արձագանքը չափազանցված չէ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի խոսքով էլ՝ գործ ունենք արժեքային համակարգի փոփոխության հետ, և բարձրացված արդարացի քննադատությունների պատճառն այն է, որ սա պարզապես նախերգանքն է, դասագրքին հաջորդելու են նորերը:
Արշակ սրբազանը հայտնել է, որ դասագրքի հետ կապված բոլոր վերապահումները, դիտարկումներն առանձին նամակով ուղարկել են ԿԳՄՍ նախարարին: Նա նշել է, որ մեկ ամիս անցել է ու որևէ արձագանք չկա, նույնիսկ նախարարության կազմակերպած քննարկումներին եկեղեցին որևէ ձևով ներգրավված չէր:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքերին՝ Միքայել սրբազանը շեշտել է՝ նախարարի հայտարարությունը բնորոշում է այսօրվա իշխանության մտածելակերպը և վարվելակերպը: Շիրակի թեմի առաջնորդի խոսքով՝ նրանք առաջնորդվում են միապետական լյուդովիկյան սկզբունքով, գիտեն, թե պետությունն իրենք են, սակայն ընդամենը ժամանակավոր փուլ են այս պետության մեջ և որ այդ ամբարտավանությունը բնորոշ է բոլոր հեղափոխականներին։
«Այդ ամենի հետևում երևում են իրենց պատվիրատուների ականջները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հայության, հայ ազգային պետության և պետականության հետ: Իրենց պատվիրատուները դրսից են, որոնք անցած տարիների ընթացքում իշխանություններին համոզում էին, որ պետք է ռևիզիայի, վերատեսության ենթարկել ողջ պատմագիտությունը, ազատվել պատմությունից կառչվածությունից, թոթափել կոմպլեքսները, օրինակ՝ Ցեղասպանության հետ կապվածությունը և դառնալ համաշխարհային հանրության անդամներից մեկը՝ անդեմ և անդիմագիծ»,- շեշտել է նա:
Արշակ սրբազանի համար շոկային էր նախարարի հայտարարությունը, թե ծնողները չպետք է որոշեն դասագրքերի բովանդակությունը:
«Ո՞վ պետք է որոշի, եթե ոչ ուսուցիչները, ծնողները, պատմաբանները, եկեղեցին: Միշտ չէ, որ կտրականությունը համոզվածության նշան է, կտրականությունը նաև որոշակի ինտելեկտուալ դեֆիցիտի հետևանք է: Ինչպե՞ս կարող է կրթության ոլորտն սպասարկող անձնավորությունն այդպիսի հայտարարություն անել»,- զարմանում է հոգևորականը:
Անդրադառնալով հետագա քայլերին՝ հոգևորականները շեշտել են, որ չեն հարմարվելու, ինչպես 70 տարի չհարմարվեցին սովետական մտածելակերպին ու գաղափարախոսությանը:
Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի «Հայաստանի պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն առաջացրել է փորձագետների սուր քննադատությունը՝ նրանք պնդում են, որ այն պետք է հանել կիրառությունից, քանի որ խեղաթյուրում է պատմական փաստերը, չունի հայեցակարգ և կազմվել է հապճեպ։
Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուշադիր են դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին ու հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները: Ըստ նախարարի՝ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:
Ավելի վաղ Armenia Today-ը հարցում էր անցկացրել դպրոցական նոր դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։