Այս դասագրքերի հրատարակումից, մոտեցումների փոփոխությունից հետո մեծապես վտանգված է լինելու նաև Սփյուռքում հայապահպանությունը, Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով Սփյուռքում եկեղեցուն կից գործող հայկական դպրոցներում նոր դասագրքի մասին Armenia Today-ի հարցին:
Նա շեշտել է, որ Սփյուռքը բացարձակապես պարտավորված չէ առաջնորդվել ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններով, բայց դասագրքերը որոշակի ուղենշային արժեք ունեն:
«Վտանգներից մեկն էլ հենց այն է, որ այն թեմաները, որոնք տարիներ շարունակ Սփյուռքի համար ոգեշնչման, ապրելու, հարատևելու խորհրդանիշ են դարձել, չեղարկվում ու չեզոքացվում են: Օրինակ՝ Վարդանանց պատմության, Հայկի, Արարատի, սուրբ Էջմիածնի դրվագներով Սփյուռքում սերունդներ են մեծացել: Եթե փոքր ուսումնասիրություն կատարենք, կտեսնենք, թե ինչ խորհրդանիշներ կան Սփյուռքում, որոնց շուրջ ձևավորվել ու պահպանվել է հայկական ինքնությունը: Հիմնական վտանգներից մեկը նաև դա է»,- ընդգծել է հոգևորականը:
Նրա խոսքով՝ ոչ միայն Հայաստանում են որոշակի վտանգներ ստեղծվում, այլ նաև Սփյուռքում, որտեղ, ըստ նրա, ավանդաբար այդ թեմատիկան, ոգին պահպանվում է, բայց դասագրքերի հրատարակումից, մոտեցումների փոփոխությունից հետո մեծապես վտանգված է լինելու նաև Սփյուռքում հայապահպանությունը:
Նրա վկայությամբ՝ Սփյուռքում ևս որոշակի ընդվզում կա այդ դասագրքերում տեղ գտած սխալների, մոտեցումների առնչությամբ:
Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի «Հայաստանի պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն առաջացրել է փորձագետների սուր քննադատությունը՝ նրանք պնդում են, որ այն պետք է հանել կիրառությունից, քանի որ խեղաթյուրում է պատմական փաստերը, չունի հայեցակարգ և կազմվել է հապճեպ։
Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուշադիր են դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին ու հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները: Ըստ նախարարի՝ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:
Ավելի վաղ Armenia Today-ը հարցում էր անցկացրել դպրոցական նոր դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։