Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ էր սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել էր երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի՝ Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։