Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են Երուսաղեմի հայկական համայնքի վրա, հայտնում է Երուսաղեմի hայոց պատրիարքությունը։
Նշվում է, որ նրանք հարձակվել են «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով, նռնակներով, թվով 30 հոգի։
Հայտնում են, որ նպատակը «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերին վնասելը, տարածքից դուրս հանելն ու ահաբեկելն է եղել։ Ահաբեկիչները քարեր են շպրտել հայերի վրա։
Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականները մարտի են բռնվել նրանց դեմ, հարձակումը կասեցվել է։ Թաղամասը փրկելու շուրջ ձևավորված շարժումը հայտնել է, որ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երկու հայի։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: