Երուսաղեմի հայկական թաղամասը փրկելու շուրջ ձևավորված շարժումը X-ի իր էջում հրապարակել է այսօր ձերբակալված հայ համայնքի ներկայացուցիչների անունները։
«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Բեդիգ «Կաչ» Կիրակոսյանը, պաշտոնապես ձերբակալված են։ Վաղը նրանց կներկայացնեն դատարան, և նրանց շահերը պաշտպանելու են համայնքի փաստաբանները։ Կոչ ենք անում Հայոց պատրիարքարանին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ կապերով՝ մեր տղաներին ազատ արձակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Երուսաղեմի hայոց պատրիարքությունը հայտնել էր, որ մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են Երուսաղեմի հայկական համայնքի վրա։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: