2023 թվականի ավարտին ամանորյա նվերները մեզ համար նոր իմաստ ստացան՝ դառնալով Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու յուրօրինակ միջոց։
Armenia Today-ը ձեզ համար հավաքել է արցախցի արտադրողների, անհատ ձեռներեցների կողմից ստեղծված բրենդների այն ընտրանին, որոնց արտադրանքը գնելով՝ դուք ոչ միայն կուրախացնեք հարազատներին և ընկերներին, այլև կկարողանաք աջակցել այն հայրենակիցներին, ովքեր բռնի տեղահանվել են հայրենիքից։
Ի՞նչ ամանորյա սեղան Հայաստանում՝ առանց չրերի։ Sunny Artsakh-ում կարող եք գտնել անուշեղեն ընտանիքի անդամների և հյուրերի համար՝ պատրաստված արցախցի Աղաջանյան ընտանիքի կողմից: Դեղձի, ծիրանի, տանձի, սալորի չրերը, խնձորի չիպսերը, թթու լավածը և նույնիսկ չորացրած մանդարինի կեղևը կարող են հաճելի հավելում լինել ձեր նվերների համար:
Գաղտնիք չէ, որ Ամանորին հայ տնային տնտեսուհիների սեղանների զարդն են ավանդական փախլավան, գաթան, խմորեղենի տարբեր տեսակներ։ Եթե ժամանակ չունեք կանգնել ջեռոցի մոտ, կարող եք համեղ խմորեղեն պատվիրել Land of Sweets Artsakh-ից, ձեռք բերել իրենց հեղինակային հալվան:
Իսկ երեխաներին պլաստիկե խաղալիքների փոխարեն կարելի է Play Artsakh-ի նորաոճ փայտե խաղալիքներ նվիրել: Կարող եք գտնել նույնիսկ հանելուկներ, որոնք կգրավեն ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակների։
Ամանորյա տոներին ընդառաջ Camellia-ի ձեռագործ շոկոլադները կարող են ամանորյա նվերի լավագույն տարբերակ դառնալ, որը վստահորեն կգնահատվի ձեր մտերիմների կողմից։
Եթե փնտրում եք նվեր կանանց նվեր, ապա կարող եք ընտրել նորաստեղծ Avunc բրենդի շարֆերը։ Քաշմիրե շարֆերի ամենամեծ, էքսկլուզիվ ու չկրկնվող տեսականին հարմար նվեր է ինչպես մեծահասակ կանանց, այնպես էլ շատ երիտասարդ աղջիկների համար: Իսկ տան տիրուհու համար իդեալական նվեր կարող է լինել ասեղնագործ սփռոցը՝ ցանկացած նկարով, գրվածքով։ Բրենդ ունի նաև մազակալների տեսականի։
Մոմերը դեկորի կարևոր տարր են: Նորաձև և օրիգինալ մոմերի ընտրության ժամանակ կարող եք ծանոթանալ Mom Candles կամ Astra Candles ապրանքանիշների տեսականուն։ Երկուսն էլ հեղինակային մոմերի շարք են ներկայացնում, որոնք կարող են լրացնել հիմնական նվերի կամ լիարժեք նվեր դառնալ։