Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախցիների աջակցության ծրագրերին։
Նրա խոսքով՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շաբաթական առնվազն մեկ կամ երկու անգամ հանդիպումներ է ունենում, փորձում լսել բոլորին՝ հասկանալու համար, թե ինչ որոշում կայացնեն։ «Այդ որոշումը հեշտ չէ, և մենք շատ չենք շտապում, որպեսզի ճիշտ որոշում կարողանանք կայացնել»,- ընդգծել է նախարարը։
Ըստ ՏԿԵ նախարարի՝ միայն բնակարան կառուցելը կամ գնելը հարցի լուծում չէ։ «Այդ համայնքում ինչո՞վ պետք է զբաղվի, արդյոք բնակարանի հետ նրան պե՞տք է որոշակի հողակտոր հատկացնել, որպեսզի կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել, ո՞ր տարածքներում անել, որովհետև որոշ բնակավայրերում հողային ֆոնդի լրջագույն խնդիր կա։ Ի՞նչ այլ արտոնյալ ծրագրեր իրականացնել, որպեսզի նրանք կարողանան աշխատել»,- աշխատանքային խմբին հուզող հարցերն է բարձրաձայնել նա։
Սանոսյանը հայտնել է, որ հնարավոր է արցախցիներին բնակեցնեն այն բնակավայրերում, որտեղ կառավարությունը դպրոցներ է կառուցել և աշակերտների քանակը բավարար չէ։ Ըստ նրա՝ հավանաբար փետրվար ամսին կավարտեն այս աշխատանքները և կհայտարարեն ծրագրի մասին։
Ընդ որում՝ այդ ծրագիրը կարող է բազմաշերտ լինել և հնարավորություն տալ, որպեսզի շահառուներն իրենք ընտրեն, թե որից օգտվեն։
Նա հավելել է, որ պետք է առաջնորդվել առկա քաղաքականությամբ և խրախուսման որոշակի մեթոդներ կիրառել ըստ Երևանից ունեցած հեռավորության, բարձրադիրության, սահմանամերձ և այլ գոտիների։
Մանրամասները՝ տեսանյութում։