Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետում տեղադրվել են որոշակի մաքսային ենթակառուցվածքներ, որպեսզի որոշումների իրականացման դեպքում մեր կողմի ենթակառուցվածքները պատրաստ լինեն, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ Մարգարայի կամրջի վրա գրեթե ոչինչ չեն ծախսել։
«Մասնագետների հետ ուսումնասիրել ենք կամրջի վիճակը, և ի ուրախություն մեզ՝ կամուրջը բավական լավ վիճակում է և պատրաստ իր վրա համապատասխան թույլատրելի քանակի բեռներ կրելու»,- հայտնել է նա։
Կամրջի միակ թերությունն, ըստ նախարարի, այն է, որ նեղ է ու մեկ ուղի սպասարկելու համար է։
Կամրջի հարակից հատվածում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել։ Նա հերքել է այն խոսակցությունները, որ նախապես գիտեին սահմանային անցակետի շահագործման մասին ու դրա համար են վերանորոգել ճանապարհները։
«Այդ աշխատանքներն արվել են զուտ այն պատճառով, որ ճանապարհը գտնվում է վատ վիճակում։ Սովորական ընթացիկ աշխատանքներ են»,- հավելել է Սանոսյանը։
Հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։