Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները, տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։
«Խոր մտահոգությամբ տեղեկացանք Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ շարունակվող սադրիչ գործողությունների մասին։ Դեկտեմբերի 28-ին երեք տասնյակից ավելի զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողություններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Պատրիարքության եկեղեցականներ և տեղի հայ համայնքի անդամներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Մայր Աթոռբ այս գործողություններն ակնհայտ սադրանք է համարում, որով հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։
«Խստորեն դատապարտելով կատարվածը՝ հույս ենք հայտնում, որ Իսրայելի իշխանություններն իրավաչափորեն կարձագանքեն Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված հանցավոր գործողություններին, պատասխանատվության կենթարկվեն մեղավորները և կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը։ Մեր զորակցությունն ենք հայտնում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Երուսաղեմի hայոց պատրիարքությունը հայտնել էր, որ մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են Երուսաղեմի հայկական համայնքի վրա։ Ավելի ուշ հրապարակվել էին Երուսաղեմում ձերբակալված հայերի անունները։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: