Կապանի օդանավակայանից իրականացվել է 22 չվերթ, տեղափոխվել է 189 ուղևոր, այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով այս տարի շահագործման հանձնված Կապանի օդանավակայանի գործունեությանը։
Սանոսյանի խոսքով՝ մեծամասամբ ինքնաթիռի տոմսերը բոլորը վաճառված չեն լինում. «Հատկապես դեկտեմբերին որոշակի դրական տենդենց տեսնում ենք։ Երբ տեղադրենք նավիգացիոն սարքավորումներ և քիչ կախված լինենք օդերևաբութական ազդեցությունից կամ պայմաններից, ուղևորների քանակը կավելանա»,– ասել է նա։
Սանոսյանը նաև տեղեկացրել է, որ 2023թ. 11 ամիսներին Հայաստանում, ընդհանուր առմամբ, եղել է 40.971 չվերթ, սպասարկվել է 5 մլն 444.441 ուղևոր։
Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևան-Կապան կանոնավոր չվերթերի մեկնարկի մասին: Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին, ինչի հետևանքով վնասվել էին օդանավակայանի շենքի պատուհանն ու տանիքը։
Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հաստատել էր, որ Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները պատահական չեն եղել՝ նշելով, որ օդանավակայանը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, և օդանավակայանից վայրէջք կատարելիս և օդ բարձրանալիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։ Ի պատասխան
Բաքվի հայտարարությանը՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ թռիչքներն իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքում։