Հունվարի 27-ին և 28-ին եվրոպական 14 երկրներում կանցկացվեն «Համաեվրոպական մոբիլիզացիա» կարգախոսով ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Բաքվում պահվող հայ բանտարկյալներին, հաղորդում է Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական դաշնությունը (EAFJD):
«Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են գոյաբանական սպառնալիքների առաջ։ Ադրբեջանը գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին»,- նշել է EAFJD-ն և հայտարարել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։
Ի աջակցություն Արցախի՝ միջոցառումներ կանցկացվեն Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և եվրոպական այլ երկրների 50 քաղաքներում։ Հայերը պահանջելու են նաև Արցախից հարկադիր տեղահանվածների իրավունքների պաշտպանություն և ՀՀ Սյունիքի մարզի անվտանգության ապահովում։
2023 թվականի հոկտեմբերի 1-ին Եվրոպայի 20 քաղաքներում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքներ էին տեղի ունեցել։ Դրանք ուղղված էին իսպանական Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախի կարգավիճակը սահմանող փաստաթղթի հնարավոր ստորագրման դեմ։