«Կովերի այգի» տարածքի հետ կապված խնդիրը լուծելուց հետո Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժման ակտիվիստները կպահանջեն քաղաքի հայ համայնքի ներկայացուցչության առկայություն Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանում՝ կանխելու իրավիճակները, որոնք սպառնում են թաղամասի ամբողջականությանը, Al-Monitor կայքին հայտնել է շարժման համահիմնադիր Հակոբ Ճռնազյանը։
«Տարիների ընթացքում համայնքը և պատրիարքարանը տուժել են թափանցիկության խնդրից՝ իրենց անօրինական գործողությունների պատճառով, համայնքը թերագնահատելով և կառույցը վերածելով առանձին անձանց մասնավոր ընկերության: Մենք պետք է այնպես անենք, որ մեր համայնքը ներկայացված լինի պատրիարքարանում, որպեսզի խուսափենք մեր հաշվին ապագա գործարքներից»,- ասել է Ճռնազյանը:
Նրա խոսքով՝ հենց թափանցիկության բացակայությունն է առաջացրել հրեական Xana Capital ընկերության հետ գործարքով «Կովերի այգին» կորցնելու սպառնալիքը և տեղի հայերի վրա հարձակումների շարունակությունը՝ գործարքը չեղարկելու պատրիարքարանի որոշումից հետո։
Թաղամասը փրկելու շարժումը հանգանակել է 75,000 դոլար՝ հոգալու դատավարության ծախսերը և փոխհատուցում վճարելու հրեական ընկերությանը, ընդգծել է Ճռնազյանը։ Նա նաև հայտարարել է, որ ընկերության ներկայացուցիչների պահանջը՝ ազատել տարածքը՝ ոչ միայն կոմերցիոն է, այլև քաղաքական։
«Մենք տեղյակ ենք այն խմբերի գոյության մասին, որոնք նպատակ ունեն եկեղեցական անշարժ գույք ձեռք բերել ֆիկտիվ ընկերությունների և կառուցապատողների օգնությամբ»,- ասել է նա և հիշեցրել Xana Capital-ի՝ հայկական տարածքում հյուրանոց կառուցելու ծրագրերը։
Ճռնազյանի խոսքով՝ այս գործարքի հետևում կարող են կանգնած լինել հրեա վերաբնակիչների խմբեր։ Ակտիվիստը նաև հայտարարել է պատրիարքական հաստատությունների և քաղաքի հայերի բնակելի շենքերի քանդման սպառնալիքի մասին, ինչը «կփոխի ստատուս քվոն, ներդաշնակությունը, խաղաղությունն ու կայունությունը Հին քաղաքում տարբեր խմբերի միջև»:
Ավելի վաղ իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը հայտարարել էր իսրայելցի վերաբնակիչների կողմից Երուսաղեմի հրեական թաղամասը հայկական տարածքների հաշվին ընդլայնելու փորձի մասին։
2023 թվականի հունիսին Ճռնազյանը BBC-ի ռուսական ծառայությանն ասել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտարն զարգացման նպատակով»։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։
Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել է Xana Capital-ի ղեկավարությանը։