Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել, նա գտնվել է բժշկական փորձաքննության փուլում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈւ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՊՆ փոխանցմամբ՝ քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։
ԶԼՄ ներկայացուցիչներին ՊՆ-ն հորդորել է քաղաքացու մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապեր չարծարծել: