«Օսկար»-ի ռազմավարության հայազգի փոխնախագահ Թենի Մելիդոնյանը նշանակվել է Օսկարի գլխավոր գործադիր տնօրեն, հաղորդում է Deadline-ը՝ վկայակոչելով Կինոարվեստի և գիտության ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերին:
«Թենին ստեղծագործական և հեռանկարային է, և Ակադեմիայում նրա տարիների փորձը և մեր մրցանակների խորը գիտելիքները հսկայական ռեսուրս են մեր կազմակերպության համար այս հետաքրքիր և պատմական ժամանակաշրջանում: Նա վճռորոշ դեր է խաղացել անցյալ տարվա շոուի հաջողության մեջ»,- ասել է Քրամերը:
«Օսկար»-ի գործադիր տնօրենի պաշտոնում Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հարաբերությունները և հատուկ միջոցառումները՝ սերտորեն համագործակցելով «Օսկար»-ի շոուների պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի ղեկավարների և Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հետ:
Մելիդոնյանն իր կարիերան սկսել է Ակադեմիայում 2005 թվականին որպես հրապարակախոս՝ դառնալով հաղորդակցության և գովազդի ղեկավար, վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը, այնուհետև ղեկավարելով «Օսկար»-ի ռազմավարության թիմը: Մինչ Ակադեմիայի թիմին միանալը Մելիդոնյանն աշխատել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը, նշել է Deadline-ը։
2023 թվականի դեկտեմբերին հայկական արտադրության ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել էր «Օսկար»-ի հավակնորդների կարճ ցուցակում։ Մրցանակի «Լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ընդգրկվել է ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։