Առաջիկա շաբաթ օրերը՝ հունվարի 13-ը և 20-ը սահմանվել են աշխատանքային օրեր․ ՄՔԾ տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց, հայտնում է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կենտրոնականի, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Չարբախի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի /ք․Վեդի/, Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջևանի, Նաիրիի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2024 թվականի հունվարի 13-ը և 20-ը սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 9-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 32 հազար քաղաքացի դիմել է ժամանակավոր պաշտպանության քարտի, 450-ը՝ Հայաստանի քաղաքացիության համար։