Կալիֆորնիայի Իրվին քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը կսկսվի 2026 թվականի սկզբին, հաղորդում է The Orange County Register-ը։ Հուշահամալիրի բացումը նախատեսված է 2027 թվականին։
«Իրվինը ներկայումս տուն է հայ համայնքի անդամների համար, որոնց ընտանիքի անդամները տեղահանության են ենթարկվում Հայաստանում, Ադրբեջանում և Երուսաղեմում: Սա այն եղանակներից մեկն է, որով մենք՝ որպես քաղաք, կարող ենք ապահով տարածք տրամադրել մարդկանց անցյալի մասին մտածելու և ավելի լավ ապագայի ձգտելու համար»,- ասել է քաղաքապետ Ֆարրա Խանը:
Իրվինում հուշահամալիրի պլանավորումը սկսվել է 2022 թվականին այն բանից հետո, երբ 2020 թվականին հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ Խանը «հայերի անհետացման» մասին սև հումորով խոսում է թուրք-ամերիկյան գործիչ Էրգյուն Կիրլիկովալիի հետ, ով հրապարակայնորեն հերքում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Ավելի ուշ քաղաքապետը տեսանյութն անվանել է «կոնտեքստից կտրված» և ներողություն խնդրել թյուրիմացության համար։
ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Խանը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ օգնել հուշահամալիրը համար տարածք գտնելու գործին և 1500 դոլար նվիրաբերեց Ցեղասպանության հարցերով կրթական ծրագրին: Օրենջ շրջանում նաև ստեղծվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գործընթացները համակարգող հանձնաժողով, որը բաղկացած է 11 անդամից և ներկայացնում է հայկական կազմակերպություններ ողջ շրջանից: Թերթը նշել է, որ հուշահամալիրը կտեղադրվի ծրագրի նախաձեռնողների միջոցներով, իսկ քաղաքը պատասխանատու կլինի հուշարձանի ամենօրյա պահպանման և պաշտպանության համար։
Կալիֆորնիայի Իրվինի համալսարանը (UCI) 2022 թվականի հունվարին հայտարարել էր, որ պրոֆեսոր Տիրան Ափելյանից և նրա կնոջից՝ Սեդա Ափելյանից ստացել է 100,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում արևմտահայերենի ուսումնասիրության մագիստրոսական ծրագրի համար։