Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 3 անձանց կողմից ծեծի ենթարկված Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ, հայտնել է Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ Այնուհետ հիվանդն սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով, որ կա՛մ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կա՛մ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։