Արցախի ողբերգական պայթյունից տուժածներից 31-ամյա Վազգեն Գրիգորյանը հիշում է 218 մարդու կյանք խլած՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի ողբերգական պայթյունին նախորդած վայրկյանները, որոնք նրա մոտ վստահություն են առաջացրել, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէր, գրում է News.am-ը։
«Վերև նայեցի, տեսնեմ՝ դրոն է, մտածեցի՝ կարող է մերոնք են, 1 րոպե չանցած թխկուն լսեցի ու տրաքոց եղավ։ Տրաքոցը հենց ուղիղ բունկերից էր, ասես սարքած լիներ, տրաքեց, ընկա ներքև։ Ով վերևում է եղել, ներքև է ընկել, կեսի բախտը բերել է։ Որտեղ ես էի, շատ մարդ կար, բոլորը մահացել էին, բախտս բերել է, միայն ես եմ ողջ մնացել։ Ում ուզել եմ օգնել, արդեն գիտակցությունը կորցրած մարդիկ էին, մեկը լացում էր, մեկը՝ գոռում, մեկը պանելի տակ էր, վիճակս վատ էր, չէի կարող շատ սպասել, ես արդեն ինձ պիտի փրկեի։ Տեսնում էի, թե մարդիկ ինչպես են հալվում։ Գնացի կրակից հեռու, մի տրաքոց եղավ, դա ավելի ուշ էր, մոտ 30 մետր էր կրակի բարձրությունը, արդեն ոչինչ չէիր կարող անել, միայն մտքումս շտապօգնությանը հասնելն էր։ Ինչքան մարդ կար, այնքան էլ ավտոմեքենաներ կային, ձև չկար, որ շտապօգնության մեքենաները մեզ հասնեին։ Ես դուրս եմ եկել մայրուղի, հարևանիս եմ հանդիպել, ու ինձ հիվանդանոց է հասցրել»,- պատմել է նա։
Վազգենի խոսքով՝ Ստեփանակերտի հիվանդանոցում նույնիսկ կանգնելու տեղ չկար, շրջափակման հետևանքով էլ հիվանդանոցում նույնիսկ բինտ ու դեղ չի եղել․ «Շատ վատ վիճակ էր, լիքը մարդ էր հավաքված, բոլորը վառված, կանգնելու տեղ էլ չկար։ 2 բժիշկ էր մնացել, բոլորը գնացել էին, կեսն իմացել ու հետ են եկել ճանապարհից։ Ես հիշում եմ, որ ինձ պատգարակ են բերել, պառկեցրել են, սիստեմա են միացրել, աչքերս որ փակել եմ, այլևս չեմ կարողացել բացել, միայն ձայններն էի արդեն լսում, վերքերից բացել հնարավոր չէր, այլևս ոչինչ չեմ հիշում։ Հիշում եմ, որ ուղղաթիռ են տարել, Սիսիան են բերել, հետո արդեն հիշում եմ, որ Երևանում պառկած եմ եղել»։
4-րդ կարգի այրվածքներ ստացած Վազգենի աջ ձեռքի մատները հիվանդանոցում անդամահատել են, ասում է՝ ծանր որոշում էր, բայց եթե մեկ օր էլ ուշացնեին, ապա ձեռքը պետք է անդամահատվեր․ «Ասացի՝ ձև չկա՞ փրկելու, բժիշկն ասաց՝ շատ վերք ունես, ու շատ վնաս կտա քեզ, ասացի՝ դե կտրի, ինչ անեմ, կարևորը ողջ մնամ, ասաց՝ ժամանակին կտրենք, որ հետո ուշ չլինի, արդեն ձեռքդ կտրենք, ինձ ձեռքերս պետք են, ես աշխատող տղա եմ, վիրատահությունը նորմալ անցավ, հարմարվեցի, դե ես լավ չէի, բայց որ նայում էի ուրիշ հիվանդներին՝ ձեռք, ոտք չունեին, ասում էի՝ փառք Աստծո, լավ եմ»։
Վազգենը երկար բուժում է անցել։ 2 ամիս հիվանդանոցում է եղել, որից 3 շաբաթը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Միայն Երևանում՝ հիվանդանոցում է իմացել, որ ընտանիքը կարողացել է փրկվել, Հայաստան հասնել։
ՔԿ տվյալներով՝ սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։