Երևանում շտապօգնության բժիշկների վրա հարձակման զազրելի դեպք է տեղի ունեցել, քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը
Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:
«Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ` մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը»,- մանրամասնել է Կոստանյանը և հավելել, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն էլ տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ ժամը 3.40-ին։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է:
«Պարզվել է, որ հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա: Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում:
Հունվարի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Ավելի ուշ Քաղաքապետարանի խոսնակը մանրամասնել էր, որ ծեծի ենթարկված բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։ Նույն օրը Երևանում շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրները ձերբակալվել էին։