ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի մշակման մասին։
«Շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Կառավարության ներկայացրած 16 միլիոնի ծրագրով այս պահին Տավուշի մարզում 140 տուն է կառուցվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը մեկնաբանել է, որ ծրագիրը քննարկման փուլում է և վերաբերում է ոչ միայն սեպտեմբերյան ագրեսիայի, այլ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 մարդ։