Ձնահոսքի հետևանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի զորացրվելուց առաջ զանգեր են հնչել զորամասի ղեկավարներին՝ պահանջով, որ զինվորին զորացրեն հենց իր բանակ գնացած օրը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Տեղեկությունների համաձայն՝ զորամասի ղեկավար կազմը պնդել է, որ չեն կարող, սակայն պահանջները թիկունքավոր բարեկամների կողմից շարունակվել են, քանի որ ծնողները պատրաստվել են: Հրամանատարության զիջումների հետևանքով որոշվել է զինվորին մարտական դիրքից իջեցնել, ինչն էլ ցավալի ու ողբերգական հետևանք է ունեցել։
Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մանուչարյանի հետ։ Հունվարի 14-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ ժամը 14։20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ցղունի գյուղի տարածքում ձնահյուսի տակից ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 2003 թվականին ծնված զինծառայողի դին։ Նրա մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։