ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է անշարժ գույքի վարձակալության դեպքում հարկ մուծելու կարգը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ֆիզիկական անձին անշարժ գույք վարձակալության տալու դեպքում անհրաժեշտ է վճարել եկամտահարկ՝ վարձավճարի 10%-ի չափով։ Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ։
«Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հայտարարությունն անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում: Վարձակալությունից ստացվող եկամտի դադարեցման դեպքում ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում»,- մանրամասնում է ՊԵԿ-ը։
ՊԵԿ-ը զգուշացնում է, որ անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքի պահանջները չպահպանելու դեպքում սահմանված է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կազմում է 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան մեկ միլիոն դրամը։
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ 2023 թվականի համար անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի տարեկան հաշվարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Սակայն, եթե չի ստացել պետական գրանցում, ապա պետք է հարկային մարմին ներկայացնել վարձակալության հանձնման վերաբերյալ հայտարարություն։
Հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), չունենալու դեպքում, այն կտրամադրվի, որից հետո կարելի է ներկայացնել հայտարարությունը:
Հայտարարությունը, կից դիմումը և հարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը հնարավոր է ներկայացնել նաև առանց սպասարկման սրահ այցելելու՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
2023 թվականի օգոստոսի 11-ին կառավարությունը հայտարարել էր անշարժ գույք վարձակալության տվող և եկամտահարկից խուսափող քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու ծրագրերի մասին։ Կառավարությունը որոշել էր տուգանք սահմանել գործարքի շուկայական գնի 5%-ի չափով։