«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։
«Ընկերության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես պաշտոնական հարթակներում։ Կեղծ հարթակների հետ ընկերությունը որևէ առնչություն չունի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հունվարի 24-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտարարել էր անդրազգային հանցավոր խմբի հայտնաբերման մասին, որոնք պատրաստել և գործարկել էին կեղծ կայքեր` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել էին խոշոր չափի գումարներ: