Կառավարությունում քննարկվել են Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը, ըստ որի նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի կողմից տնօրինվող եկամուտների հիման վրա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Խոսելով Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի մասին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ նոր բանաձևի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: «Այս պահին ամենակարևորը բանաձևի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի մեր անապահովության իրական պատկերը և գնահատված անապահովությունը տեսանելի և հասկանալի լինեն, չափելի լինի այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը»,- ասել է փոխնախարարը:
Ժամակոչյանի ներկայացմամբ՝ նոր մեթոդի միջոցով նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի կողմից տնօրինվող եկամուտների հիման վրա:
Որպես նոր համակարգի թիրախ, ըստ Ժամակոչյանի, կառավարությունը հաշվի կառնի մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը: «Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին և հասնել այն նպատակին, որ կառավարությունն իր առջև դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ նոր համակարգի ակտիվացման խթանների շնորհիվ նաև անհրաժեշտ ջանքեր կներդրվեն անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների կարողությունների զարգացման միջոցով զբաղվածության ձեռքբերման և կենսապայմանների բարելավման ուղղությամբ:
Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399 դրամով կամ 59.9 տոկոսով՝ իմ սպասածից մի քիչ ավելի ցածր: 2022 թվականի դեկտեմբերի համեմատ այն ավելի է 25 273 դրամով կամ 7.6 տոկոսով»: