Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա է իրականացվել։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հետ կապված։
Մասնակիցները նախարարության շենքի մոտ էին պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Պաշտպանիր պատմությունդ Ժաննայից», «Կրթենք արժանապատիվ սերունդ»:
«7-րդ դասարանի պատմության դասագիրքը բավականին խնդրահարույց է, մասնագետները, ուսուցիչները, բոլորը դեմ են այդ դասագրքին։ Նախարարին ժամանակ էինք տվել, որպեսզի ընդառաջի և խոտանի այն, ինչը պիտանի չէ։ Իրենցից որևէ պատասխան չենք ստացել, ուստի որոշեցինք հավաքվել, նախարարին հանձնել իր դիմումի օրինակը, որի տակ պետք է ստորագրի և հրաժարական տա»,- լրագրողներ հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։
Նա հավելել է՝ հետևողական կլինեն, որ Անդրեասյանն անպայման հրաժարական տա։