Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանն Armenia Today-ին պարզաբանեց քաղաքապետարանի շինարարության և աղբահանության պատասխանատուների փոփոխության պատճառները։ Նա հստակեցրեց՝ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանին այդ պաշտոնում կփոխարինի Սաշա Կատվալյանը, իսկ Շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանին էլ կփոխարինի Տիգրան Գեղամյանը։
Կոստանյանը հայտնեց, որ Աղաջանյանը կնշանակվի նույն հիմնարկի տնօրենի տեղակալի պաշտոնում, քանի որ նա երկար ժամանակ աշխատում է այդ ոլորտում։ Նա շեշտեց, որ Աղաջանյանի ազատման դիմումը որևէ կապ չունի մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ բողոքների հետ։
«Բագրատ Աղաջանյանը հունվարի 26-ին ազատման դիմում է ներկայացրել և նշանակվել տնօրենի տեղակալի պաշտոնում։ Նա ազատման դիմումը ներկայացրել է հունվարի 26-ին, երբ դեռ առատ տեղումներ չկային։ Ազատման պատճառաբանությունն այն է, որ Աղաջանյանը հիմնարկում է 2019 թվականից, կարելի է ասել՝ թիվ մեկն է այդ կառույցում, ով ամբողջ ինֆորմացիային տիրապետում է։ Բայց քանի որ զուգահեռ կան փաստաթղթային որոշակի աշխատանքներ, որը տնօրենն է իրականացնում, ծանրաբեռնվածության տեսանկյունից որոշում է կայացվել, որ ընդամենը կադրային փոփոխություն կատարվի»,- ասաց խոսնակը։
Նա հավելեց, որ նորանշանակ տնօրենը հիմնականում զբաղվելու է թղթաբանությամբ, իսկ Աղաջանյանը կլինի գործնական դաշտում։
Կոստանյանը չնշեց Շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի ազատման պատճառը, միայն հայտնեց, որ Գրիգորյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: