Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պատմել է այն մասին, թե ինչպես են հեռուստաընկերությունները լուծել պարտքերի կուտակման հարցը։
Պարտքեր էին կուտակել «Արմենիա», «ATV», «Ֆրինյուզ», «Դար 21» և մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները։ Նրանք ժամանակացույց են կազմել, ըստ որի փակում են պարտքերը։ Նա այսպես պատասխանեց Armenia Today-ի հարցին, թե ինչպես է հանձնաժողովը լուծում հայկական հեռուստաընկերությունների պարտքի հարցը:
«Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «Ֆրինյուզ»-ը, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,- ասաց Հակոբյանը։
Նա հավելեց, որ այս իրավիճակը նկարագրում է այն «տխուր պատկերը», որն ունեն հեռուստաընկերությունները։ «Այս վիճակը պայմանավորված է նրանով, որ հեռուստաընկերություններն արդեն մենաշնորհ չունեն, և գովազդատուները շատ ժամանակ նախընտրում են այլ հարթակներ։ Մեր հաշվարկներով՝ հեռուստաընկերությունների դիտելիությունն ամեն տարի մոտավորապես 3-5 տոկոսով ընկնում է»,- նշեց նա։
Հակոբյանի խոսքով՝ հեռուստաընկերությունների ֆինանսական վատ վիճակին նպաստել են նաև հետևյալ հանգամանքները:
«Երբ Հանրային հեռուստաընկերությանը տրվեց գովազդի իրավունք, 2023 թվականին հեռուստաընկերությունը գովազդի միջոցով աշխատեց մոտ 700 միլիոն դրամ գումար։ Դա նշանակում է, որ այդ 700 միլիոնի մեծ մասը գնացել է մյուս հեռուստաընկերություններից։ Խաղացողները շատանում են և որոշ հեռուստաընկերությունների համար գովազդի հասանելիությունը նվազում է։ Նաև շահումով խաղերի գովազդի արգելքը եղավ, և հեռուստաընկերությունները մեկ տարվա մեջ կորցրեցին մոտ 900 միլիոն դրամ գումար»,- ընդգծեց Հակոբյանը։
ՀՌՀ նախագահի խոսքով՝ նշված խնդիրների լուծման համար իրենք առաջարկում են անել այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում՝ ստեղծել մասնավոր և պետական ֆոնդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հանրօգուտ հաղորդումներ հեռարձակել։
ԶԼՄ-ները հունվարի 11-ին գրել էին, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կայքի՝ Freenews.am-ի նկատմամբ, նախաձեռնել է անջատել համանուն հեռուստաընկերության հեռուստաեթերը։
Մանրամասները՝ տեսանյութում։