Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, և որը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում։
Armenia Today-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու, թե արդյոք համաձա՞յն են նոր Սահմանադրության և եթե լինի հանրաքվե՝ կմասնակցե՞ն, թե՞ ոչ։
Հարցված քաղաքացիների մեծ մասը նշում է, որ դեմ են նոր Սահմանադրություն ունենալուն․ «Ոչ, ի՞նչ է եղել, որ փոխեն, ի՞նչ պետք է որոշեն։ Եթե հանրաքվե լինի, չեմ մասնակցի»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիները Սահմանադրությունը փոխելու իմաստ չեն տեսնում։ «Ո՛չ, համաձայն չեմ, դա անիմաստ հիմարություն է, հանրաքվեի կգնամ, դեմ կքվեարկեմ»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Հարցված քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ եթե հանրաքվե լինի, ինքը ևս անպայման կգնա ու դեմ կքվեարկի․ «Ի՞նչ է նշանակում նոր Սահմանադրություն, մեր Սահմանադրությանը եթե Նիկոլը ծանոթ լիներ, նոր Սահմանադրության մասին չէր ասի»,- ասաց նա։
Հարցված քաղաքացիների մի զգալի մասն էլ նշում է, որ դեռ չգիտեն, չեն կողմնորոշվել նոր Սահմանադրության հարցում.
«Ես չեմ կարող պատասխանել, կարծում եմ՝ մասնագետները պետք է ասեն և խոսեն բոլոր «այո»-ների և «ոչ»-երի մասին: Ես դեռ չեմ կողմնորոշվել՝ կմասնակցե՞մ, թե՞ ոչ»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մի մասն էլ ցանկանում է, որ փոխվի Սահմանադրությունը, բայց վստահ չեն, որ այն չի փոխվի իշխանությանը հարմար ձևով. «Կուզեմ, որ փոխվի, եթե այն չեն փոխելու իրենց հարմար ձևով: Եվ, եթե հանրաքվե լինի, մասնակցելու եմ»,- նշեց քաղաքացին:
ԶԼՄ-ները գրել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրավոր ամրագրել է խաղաղության պայմանագրի նախագծում Հայաստանի իշխանությունների՝ նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը։
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։
Մանրամասները՝ տեսանյութում։