Մինչև տարվա երկրորդ կիսամյակ պատրաստ կլինի Ակադեմիական քաղաքի հիմնական հայեցակարգը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտնել է քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Քեյլը մանրամասներ է ներկայացրել Ակադեմիական քաղաք ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է Ակադեմիական քաղաքի տեսլականը:
Հաղորդագրության մեջ նախ նշվում է, որ հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ: Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
2023թ. հոկտեմբերի 19-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ Ակադեմիական քաղաքի բացումը Հայաստանում նախատեսված է 2030 թվականի հունվարին։ Ակադեմիական քաղաքը կմիավորի 16 բուհ՝ 8 պետական խոշորացված և 8 մասնավոր կամ միջազգային, մանրամասնել էր նախարարը։ Ըստ հայեցակարգի՝ դրանք բաժանվելու են 4 դասակարգման՝ տեխնոլոգիական, կրթական, ռազմական և գեղարվեստական։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում նախատեսվում է Հայաստանում ստեղծել 8 միավորված գիտահետազոտական համալսարան՝ պետական լիարժեք ֆինանսավորմամբ, ինչպես նաև կառուցել Ակադեմիական քաղաք, որտեղ կտեղափոխվեն բոլոր բուհերը: