Գազատարի վթարի հետևանքով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի որոշ փողոցների գազամատակարարումը դադարեցվել է, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Ընկերությունը մանրամասնում է, որ ֆորսմաժորային իրավիճակի պատճառով փետրվարի 5-ին՝ ժամը 11:45-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 28-րդ, 30-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ փողոցների (մասնակի), 31-րդ, 25-րդ, 27-րդ, 29-րդ փողոցների առանձնատների, Էրեբունի փողոցի թիվ 26, 28, 30, 32, 34 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Նաև վստահեցնում են, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Նոր Արեշում պայթյունի փլատակներից դուրս էր բերվել 2 քաղաքացու դի:
Պայթյունից տուժած 2 քաղաքացի հոսպիտալացվել էր, հայտնել էր Առողջապահության նախարարությունը։ Հրապարակման համաձայն՝ այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդած տվյալներով՝ փլատակներից դուրս բերված քաղաքացիներն են Ռ․ Ն․-ն (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ն (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, հայտնել էր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Փետրվարի 5-ին Նոր արեշի 34-րդ փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու բնակելի տուն էր փլուզվել: