Հանրային հեռարձակողի խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունն էթիկական և իրավական նորմերին, նշվում է խորհրդի հայտարարության մեջ:
Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենն առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը՝ օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքն անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
«Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը»,- նշում է խորհուրդը։
Փետրվարի 5-ին Խումարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռադիոկայանի հարցազրույցը «լավ ժուռնալիստիկա չէր»: Իր հայտարարության մեջ Խումարյանն ընդգծել էր, որ վարչապետի հետ հարցազրույցը «կարող էր շատ ավելի լավը լինել»։