Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում ներդնել հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգ, որն իրենից ենթադրում է ուղևորատոմսի թանկացում, փետրվարի 6-ին ասուլիսի ժամանակ հայտարարել էր Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Armenia Today-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե պատրա՞ստ են արդյոք տրանսպորտի համար վճարել գործող 100 դրամից ավելի և ի՞նչ են մտածում քաղաքապետարանի մտադրության մասին:
Քաղաքապետարանի հրապարակած նախագծի համաձայն՝ նոր սակագները կգործեն 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և 365 օր ժամկետներով։ 70 րոպեանոց փաթեթի նախահաշվային արժեքը կկազմի 300 դրամ, մեկ ամսվանը՝ 11 000 դրամ, մեկ տարվանը՝ 110 000 դրամ:
Հարցված քաղաքացիների մեծ մասը նշեց, որ դեմ են թանկացմանը և կդժվարանան քաղաքային տրանսպորտի համար վճարել 100 դրամից ավել։ Նրանք նշեցին, որ հազիվ են «մինիմալ ծախսերը ծայրը ծայրին հասցնում և ուղղակի պատրաստ չեն տրանսպորտի համար վճարել ավելին»։
«Ի՞նչ գումար եմ ստանում, որ ավելին վճարեմ։ 70 հազար փող ենք ստանում, հազիվ պերերիվի ու տրանսպորտի է հերիքում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ պատրաստ չէ ավելին վճարել, և եթե այս հարցով բողոքի ակցիաներ լինեն, ինքը կմասնակցի: «Ես կդժվարանամ, ի՞նչ աշխատավարձ ենք ստանում։ Կառավարությունն ինչ մտածում է, այն էլ անում է։ Բողոքի ակցիաներ, եթե լինեն, վստահաբար կմասնակցեմ, բայց գիտեմ, որ ոչինչ չի փոխվելու»,- հավելեց քաղաքացին։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ մխիթարական որևէ բան չկա, և միայն տրանսպորտը չէ, ամեն ինչն է ահավոր թանկացել։
Կան նաև քաղաքացիներ, ովքեր անտարբեր են հարցին։ Որոշները դեռ նախագիծը չեն տեսել, դժվարացան որևէ բան ասել, որոշներին էլ ուղղակի չի հետաքրքրում, որովհետև իրենք երթևեկում են մեքենայով։
«Ինձ համար խնդիր չէ, մենք մեքենայով ենք երթևեկում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Հարցված քաղաքացիներից ոչ ոք կողմ չէր տրանսպորտի ուղևորատոմսի թանկացմանը՝ նույնիսկ քաղաքապետարանի այն պատճառաբանության պարագայում, թե այս քայլերն ուղղված են հանրային տրանսպորտի բարելավմանը։
Փետրվարի 6-ին ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ տրանսպորտի սակագինը թանկանում է։
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ ՀՀ տարածքում կան փակ...