Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով, ասվում է հայտարարության մեջ։
««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով Խորհուրդն իրավասու է ինքնուրույն գնահատելու Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունն էթիկական և իրավական նորմերին, սակայն հաշվի առնելով միջադեպի հետ կապված հանրային լայն արձագանքը՝ խորհուրդը հայցում է համապատասխան մանդատ և փորձառություն ունեցող մարմնի կարծիքը»,- հավելել են Խորհրդում։
Փետրվարի 5-ին Խումարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռադիոկայանի հարցազրույցը «լավ ժուռնալիստիկա չէր»: Իր հայտարարության մեջ Խումարյանն ընդգծել էր, որ վարչապետի հետ հարցազրույցը «կարող էր շատ ավելի լավը լինել»։
Փետրվարի 6-ին խորհուրդը հայտարարել էր, որ առաջիկայում քննության կառնի Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունն էթիկական և իրավական նորմերին։