Փետրվարի 10-ին՝ ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25 000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։