Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ քաղաքացի և մեկ հրշեջ-փրկարար ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել, լրագրողներին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին առկա տվյալներով այլ տուժածներ չկան։ «Կարճ ժամանակում հրդեհի տարածումը կանխվել է, այս պահին ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- տեղեկացրել է նա։
Սարգսյանը հերքել է մամուլում շրջառվող այն լուրերը, որ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել և նշել է, որ կանխավարկածների մասին կպարզվի քննությամբ։
Նա մանրամասնել է, որ պահեստում կան տարբեր ապրանքներ՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ և այլն։
Այսօր առավոտյան ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող 25 000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։