Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդական ամենասիրված տոներից մեկը՝ Տյառնընդառաջը կամ Տրնդեզը։
Տոնի արմատները հեթանոսական են։ Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Այժմ Տրնդեզը Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից է։
Այդ օրը, հայկական ավանդույթի համաձայն, եկեղեցիների բակում խարույկ են վառում և ժողովրդական պարեր կազմակերպում։ Ավանդույթի համաձայն՝ նորապսակները կամ նրանք, ովքեր նոր են պատրաստվում ամուսնանալ և բոլոր ցանկացողները ձեռքերը բռնած ցատկում են խարույկի վրայով՝ ի նշան մաքրման և օրհնության: Ըստ լեգենդի, եթե սիրահարները կարողանան ցատկել խարույկի վրայով՝ առանց ձեռքերը բաժանելու, դա կնպաստի ընտանիքի և հարաբերությունների ամրապնդմանը:
Նախկինում, հետևելով ծխի ուղղությանը, որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:
Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը: