Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր՝ փետրվարի 12-ի առավոտյան, փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով չփակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը, հայտնել է News.am-ը։
Նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են․ և մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացվելու են Մարտունու անձնագրային ծառայությանը, ստեղծվելու է Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։
Ըստ լրատվականի՝ ցուցարարները պարզաբանել են, որ դրանով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը կբարդանա:
ԶԼՄ-ն նշել է, որ ակցիային մասնակցել է Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ սպասում են մարզպետի գալուն՝ նրա հետ հանդիպելու ակնկալիքով։ Այս հիմքով բողոքի ակցիան դադարեցրել են, ճանապարհը՝ բացել, սակայն հանդիպումից հետո կրկին փակել են ճանապարհը։
Փետրվարի 9-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:
Նա նշել էր, որ երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ իրենց որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։