«Թաթոյան» հիմնադրամն ահազանգում է ադրբեջանական հերթական կեղծիքի մասին, որն առնչվում է Սաղմոսավանքին և Նորավանքին:
«Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ»,- նշում են հիմնադրամից։
Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Հիմնադրամը շեշտում է, որ չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։
Փետրվարի 6-ին հիմնադրամը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները, Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման օրակարգի քողի տակ, ագրեսիայի համար արհեստական հիմքեր են ստեղծում:
Փետրվարի 1-ին հիմնադրամը հայտնել էր Ադրբեջանի ծրագրերի մասին, որտեղ հայկական տաճարներն «ադրբեջանական են համարել»։ Հիմնադրամի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանության՝ Հայաստանի զավթման ծրագրով, Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը «պատկանում են հինավուրց Ադրբեջանին», իսկ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացնում են որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք: