Մահացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը, ում անվանում էին «60-ականների աչք», հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը:
Նա իր օբյեկտիվում հավերժացրել է մեծանուն շատ արտիստների ու գործիչների՝ Շառլ Ազնավուր, Էդիթ Պիաֆ, «The Beatles», Բրել, Գենսբուր, Հալիդեյ, «The Rolling Stones» և այլք:
«Հատկապես առանձնահատուկ էին նրա հարաբերությունները Շառլ Ազնավուրի հետ. լուսանկարիչը վավերագրել է նրա կյանքը՝ «Ալհամբրա» համերգասրահում առաջին հաղթական ելույթից մինչև նրա փառավոր կարիեիայի հարյուրավոր այլ դրվագներ»,- հաղորդում է հիմնադրամը:
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո լուսանկարիչը և նրա դուստր Լիդիան այցելել էին Արցախ՝ վավերագրելու պատերազմի ավերածություններն ու պատմական հուշարձանները։ Հետագայում այդ լուսանկարները ցուցադրվել էին աշխարհի տարբեր ցուցասրահներում՝ անբառ վկայելով հայ ժողովրդի պատմության ծանր դրվագների և մշակութային հարուստ ժառանգության մասին: 2020-ից ի վեր Ռոժե Կասպարյանը հաճախ էր վերադառնում Հայաստան։