Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին և կնոջը՝ Մելինե Մանուշյանին, փետրվարի 21-ին կհուղարկավորեն Փարիզի Ֆրանսիայի պատմական պանթեոնում, հայտնում է LeMond-ը:
Միջոցառմանը ներկա կլինեն 1200 հյուրեր, այդ թվում` ավելի քան 150 լրագրող և 600 դպրոցական, փոխանցում է L’Humanité-ն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով արարողությանը ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պանթեոնը, որը գտնվում է Փարիզի Լատինական թաղամասում, ծառայում է որպես դամբարան, որտեղ ամփոփված են ֆրանսիացի ականավոր քաղաքացիների աճյունները, ովքեր անջնջելի հետք են թողել ազգի պատմության և մշակույթի վրա: Ի սկզբանե կառուցվել է որպես եկեղեցի, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ այն վերածվել է ազգային դամբարանի։ Պանթեոնը հանդիսանում է Ֆրանսիայի երախտագիտության և հիշողության խորհրդանիշը նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նրա մտավոր, մշակութային և քաղաքական լանդշաֆտին:
Մանուշյանը հայ բանաստեղծ է, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում` մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների։ Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին, 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից։ Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս։
2023թ. հոկտեմբերին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին հայտնել էր, որ Միսակ Մանուշյանի աճյունը կտեղափոխվի Փարիզի պանթեոն: