37-ամյա տղամարդը հաղորդակցային հավելվածների կիրառմամբ խաբեությամբ մոտ 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով և վարկեր ձևակերպելով՝ կատարել է շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն, հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 37-ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․ հունիսից մինչև 2022թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում, հասանելիություն ստանալով շուրջ 5 տասնյակ քաղաքացու «Իդրամ» դրամապանակներին, կատարել է ընդհանուր 39.803.498 դրամ գումարի համակարգչային հափշտակություն։
«Նա «Viber», «WatsApp» հավելվածներով զանգահարել է տարբեր անձանց և տարբեր պատրվակներով, այդ թվում՝ հայտնելով, թե իբր սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին, խնդրել է տրամադրել իրենց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը։ Քաղաքացիների կողմից այդ տվյալներն իրեն տրամադրվելուց հետո հասանելիություն է ստացել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին և դրանց միջոցով համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելով՝ վերջիններիս անվամբ առցանց եղանակով կնքել է վարկային պայմանագրեր»,- հայտնում է ՔԿ-ն։
Այնուհետև դրանցով հաստատված և իր կողմից փաստացի կառավարվող էլեկտրոնային դրամապանակներ մուտքագրված, Իդրամ դրամապանակներին կցված բանկային քարտերին և դրամապանակներում առկա գումարից տղամարդը կատարել է հափշտակություն՝ գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին:
37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննության փուլում քաղաքացիներին պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 15 մլն դրամը։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ հանցագործությունների զոհ չդառնալու համար որևէ դեպքում անձնական, բանկային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։