Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիայում գտնվելու հանգամանքից օգտվելով՝ նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը, հայտնում է ՀՅԴ Փարիզի գրասենյակը:
Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։
ՀՅԴ գրասենյակից մանրամասնում են, որ Մակրոնը բարձր է գնահատել հայ գործիչների՝ ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողությունը:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն, ի վերջո, վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Ըստ հաղորդագրության, Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար»։
Զրույցի ընթացքում Փաշինյանն ասել է, թե արգելել է Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել նրա դեմ։
Զրույցի ավարտին Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։
Հունվարի 22-ին Վարչական դատարանը բավարարել էր Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը նրանց վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից: