Իրավապահները ձերբակալել են զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեջ մեղադրվող համածառայակցին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Գերատեսչության տվյալներով՝ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Զաքարյանի միջև։
Այդ ընթացքում Ս․Պ․-ն գնդացիրով մենահատ կրակոց է արձակել Զաքարյանի ուղղությամբ. ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, նա մահացել է։
Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ` մինչև տասնհինգ տարի ժամկետով)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Փետրվարի 24-ին հայտնել էինք, որ հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող Զաքարյանը։ ՊՆ-ն չէր հայտնել մահվան հանգամանքները։