95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
1971-1985 թվականներին Ռիժկովն զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնում նա եղել է 1985-1991 թվականներին։
Նա գլխավորել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները՝ ԽՍՀՄ մասշտաբով։ Ռիժկովն աղետից տուժած վայրերում է եղել, կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Նա միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ Ռիժկովը Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 2008 թվականին՝ 1988 թվականի երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի և դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական աջակցության համար: Նա այդ կոչմանն արժանացած հայկական ծագում չունեցող միակ անձն է։