Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հեռագրում ասվում է, որ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։
«Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ և կատարելով իր պարտքը՝ Նիկոլայ Ռիժկովը հավերժ դրոշմեց իր անունը հայ ժողովրդի հիշողության մեջ՝ որպես ամենածանր պահին օգնության ձեռք մեկնած հավատարիմ ընկերոջ, ինչի համար նրան շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչումը»,- նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Հայաստանի ողջ ժողովրդի և անձամբ իր անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր է փոխանցել Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մերձավորներին։
Փետրվարի 28-ին հայտնել էինք, որ 95 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։