Արցախից տաղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց՝ ընդդեմ արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության նախագծի։ Հավաքված քաղաքացիների խոսքով՝ իրենք արդեն մեկ անգամ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որի ժամանակ պայմանավորվել են կրկին հանդիպել։ Այսօր նախատեսված էր այդ հանդիպումը։
Ըստ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի՝ նախագծով պետությունը յուրաքանչյուր անձի 3 միլիոն ՀՀ դրամ կհատկացնի բնակարան ձեռք բերելու համար, սակայն այդ գումարը բավարար չէ բնակարաններ գնելուն՝ հաշվի առնելով շուկայական արժեքը։
«Մենք հույս ունեինք, որ գոնե 4-5 միլիոն դրամ կտրամադրեն, էլի ինչ-որ կերպ հնարավոր կլիներ։ Ես էլ էի մասնակցում կառավարությունում նախագծի քննարկմանը, ինչ որ մենք հնչեցրել ենք՝ խոստացել են հաշվի առնել ու որոշման մեջ գրի առնել, բայց ինչպես տեսնում ենք՝ ոչ մի բան էլ չեն արել»,- ասաց նա։
Նա նաև «անհեթեթություն» անվանեց կառավարության այն որոշումը՝ ըստ որի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում արցախցիներին 3 մլն դրամ պետք է տրամադրվի` բնակարանային հարցը լուծելու համար:
«Գրեթե բոլոր գործարքների համար դա (քաղաքացիությունը-խմբ․) պահանջում են, օրինակ, եթե մարդիկ գնում են աշխատանքի ընդունվելու և պահանջում են զինգրքույկ, ապա զինկոմիսարիատում ասում են, որ պետք է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերես՝ նոր հարցում կատարենք ու տրամադրենք զինգրքույկ կամ տեղեկանք»,- ասաց նա։
«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանի խոսքով՝ նախատեսված 3 միլիոնով «Հայաստանում միայն արևածաղկի սերմ կարելի է գնել». նա նշեց գումարը վերանայելու անհրաժեշտությունը։
Նա հավելեց, որ բնակարանների հարցը կարող է լուծվել նաև սոցիալական բնակարանների կառուցման միջոցով, մինչև նրանք վերադառնան Արցախ։ «Մեզ սովետի նման տներ սարքեք, տվեք։ Երբ կգնանք Ղարաբաղ, տները հետ կտանք»,- ասաց նա։
Հայրյանը ԱՍՀ փոխնախարար Աննա Ժամկոչյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ իրենք կարողացել են քննարկել միայն սոցիալական աջակցության հարցը, իսկ բնակարանային հարցը մնում է բաց, ուստի պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանություններից արդյունք չեն ստացել։
Հիշեցնենք, որ փոխվարչապետն արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին հայտնել էր փետրվարի 27-ին։ Կառավարության տվյալներով՝ 25 000-ից ավելի արցախցի ընտանիքներ կան, որոնց յուրաքանչյուրի հաշվով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն՝ 18 մլն դրամ: