Երևանի Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով մոտ ապագայում գնալու է իրացման և օտարման։ Այս մասին հայտարերել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ նոր քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու։
Երևանի իշխանությունները մտադիր են վերակառուցել Երևանի հնագույն՝ 17-րդ դարով թվագրվող Կոնդ թաղամասը: Քաղաքաշինության կոմիտեն հայտնել է թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի արդյունքների ամփոփման մասին. հաջորդ փուլ է անցել 7 նախագիծ:
Մյուս կողմից՝ քաղաքապետարանը բնակիչներին պարտավորեցրել է կարգավորել սեփականության փաստաթղթերը և սեփականության նոր վկայականներ ձեռք բերելու համար վճարել իրենց գույքի ընդհանուր կադաստրային արժեքի 2%-ը։ Քաղաքապետարանի մոտ օրերս տեղի ունեցած հանրահավաքում բնակիչներն ասում էին, որ պատրաստ են վճարել ընդամենը 10-15 հազար դրամ։
Կոնդը ժամանակին՝ 1919 թվականին, ցանկացել է վերակառուցել Ալեքսանդր Թամանյանը, 1980 թվականին այդպիսի նախագծեր են մշակվել Կարեն Դեմիրճյանի օրոք։ Այժմ Երևանի հինավուրց թաղամասի տարածքը կազմում է 16 հեկտար, թաղամասի մի մասի վերակառուցումն սկսվել է դեռևս 1970 թվականին:
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե ի՞նչ են մտածում Երևանի բնակիչները թաղամասը վերակառուցելու իշխանությունների մտադրության մասին:
Քաղաքացիների մեծ մասը դեմ է Կոնդը բնակիչներից օտարելուն, նրանք չեն հավատում, որ Երևանին հարիր վերակառուցում է լինելու։
«Հայաստանն են ամբողջությամբ օտարելու, ոչ միայն Կոնդը։ Արցախը հանձնել են, շուտով Սյունիքն են հանձնելու, Վարդենիսը, գալու են հասնեն Երևան, էլ ի՞նչ եք ուզում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Հարցված քաղաքացիների մի մասն էլ հավելեց, որ թաղամասի բարեկարգումը ճիշտ որոշում կլինի, որովհետև այնտեղ փլուզվող տներ կան, բայց չեն հավատում, որ բնակիչներին համարժեք փոխհատուցում կտրվի։
«Գիտեմ, որ Կոնդը քաղաքի հին թաղամասերից է և ավերման շեմին է։ Եթե փոխհատուցեն, լավ կլինի, բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խոսքը գործ չի դառնում, այդ առումով՝ այդքան էլ վստահ չեմ»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։