Քաղաքային իշխանությունների՝ Կոնդի վերակառուցման որոշման մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի հետ։
– Կոնդ թաղամասի վերակառուցման մասին է հայտարարվել։ Ի՞նչ կարծիք ունեք որոշման մասին, և վերակառուցումն ինչպե՞ս կանդրադառնա քաղաքի վրա։
– Կոնդին որպես առանձին միավորի չես կարող նայել։ Ենթադրենք՝ հետիոտն տուրիստը եկավ, որտեղի՞ց պիտի մոտենա, ո՞նց պետք է մոտենա: Կոնդի հետ կապված միշտ խնդիրներ են եղել, այն շատ խիտ բնակեցված է, դրա հետ մեկտեղ՝ նրա ֆիզիկական վիճակը բավականին վատ է։
Եթե սա պետք է դառնա տուրիստական միջավայր, ուրեմն պետք է շատ լավ չափագրություն, լավ ուսումնասիրություն արվի, որովհետև բոլոր շենքերը, վստահ եմ, վատ վիճակում են։ Այդ շենքերը պետք է գնահատվեն, որովհետև այնտեղ և՛ լուրջ, և՛ անպետք բաներ կան, որոնք պետք է վերանան, իրենց տեղն այլ բան լինի, բայց այն ոճով, որը կա։
Թաղամասի վերակառուցման համար նաև մեծ գումարներ են հարկավոր, և ես կարծում եմ, որ այսօր դրա ժամանակը չէ, որովհետև այդ գումարները հիմա պետք են Հայաստանին այլ նպատակների համար։ Ես այս ամենի մեջ նաև գովազդ եմ տեսնում, քաղաքականություն, ուրիշ ոչ մի մոտեցում։
Կոնդի խնդիրը միշտ է եղել. խորհրդային ժամանակներից բոլոր քաղաքապետերը դա շեշտադրել են: Նրանք ցանկացել են վերակառուցել, մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել: Բայց արդյունք չկար: Ենթադրենք՝ այն դարձավ պետական շինարարության տարածք, նրա բնակիչներին պետք է տեղավորել: Բացի դրանից, պետք է լուրջ թիմ աշխատի Կոնդը չափագրելու, 3D մոդելներ ստեղծելու և հետագա ձևաչափը կազմակերպելու համար: Նաև շատ մեծ կառուցապատում է պահանջում: Կոնդը շատ ծանր թեմա է։
– Կոնդի վերակառուցումն առանց կոլորիտը խաթարելու ինչպե՞ս եք պատկերացնում, դա հնարավո՞ր է։
– Հնարավոր չէ։ Այնտեղ արդեն տեղեր կան, որ մարդ ընդհանրապես չի կարողանում անցնել, նաև կոմունիկացիոն խնդիրներ կան, հակահրդեհային, էվակուացիոն, որոնք ունեն իրենց նորմերը, կարգավիճակը, և այդ բոլորը պետք է հարմարեցնել այսօրվան, որոշ բաներ պետք է քանդվեն: Կոնդում կորչում ես, ինչպես Բրազիլիայում: Եվ որպեսզի այն դառնա իսկապես տուրիստական միջավայր, պետք է շատ լուրջ աշխատանք կատարվի։ Շատ ավելի լուրջ, քան մյուս բոլոր օբյեկտներում։
– Կկարողանա՞նք մեր ունեցած միջոցներով և՛ բարեկարգել Կոնդը, և՛ պահպանել տեղի միջավայրը։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք։
– Ի՞նչ կարող ենք սպասել։ Պետք է վերլուծել, տեսնել, թե ովքեր են ճարտարապետները, կազմակերպիչները, ովքեր են մասնակցելու, նոր դրանից հետո ասել, թե ինչ կարող ենք սպասել։ Կոնդի մրցույթների հիմնական նպատակը ոչ թե նախագծեր ստանալն է, այլ կոնցեպցիան: Բայց դրանից հետո այն չձևավորվեց: Դրանից հետո այսօրվա իշխանությունները, ճարտարապետական աշխարհը չեն կարող ասել, թե ինչ են պատկերացնում: Ճարտարապետը, նախքան աշխատանքն սկսելը, պետք է գոնե մտքում առաջադրանք ունենա, պետք է հասկանալ, թե ինչ ենք ուզում Կոնդից: Դրա համար մեծ աշխատանք է պետք, ծավալուն, լուրջ աշխատանք: Կոնդում լուրջ ներդրումներ պետք է արվեն, որոնց արդյունքը կստանանք տասնամյակներ, հարյուրամյակներ հետո՝ զբոսաշրջիկների միջոցով: Կոնդը պետք է ոչ թե մասնավորը վերակառուցի, այլ պետությունը, իսկ պետությունը չունի այդ փողերը։
– Իսկ դուք ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Կոնդը:
– Անձամբ ես որպես տուրիստական վայր եմ տեսնում, իսկ տուրիստը չի գալու ժամանակակից շենքեր տեսնելու համար, ուստի մենք բավականին հետ ենք, այլ երկրներում շատ ավելի շքեղ ու շշմեցուցիչ շենքեր կան: Իսկ այստեղ կառուցվող շենքերը հիմնականում բնակելի են, որովհետև բնակելիի գումարն արագ է հետ գալիս: Զբոսաշրջիկներն այստեղ ուզում են տեսնել հին դռներ, սալահատակ փողոցներ, որ երևա 1750թ. կամ 1820թ. հնությունները: Դրա համար պետք է ճիշտ ծրագիր կազմել, կառավարությունը, քաղաքապետարանը ճիշտ քայլեր պետք է անեն:
– Երևանն այսօր ունի՞ դիմագիծ։
– Հիմա չունի։ Դիմագիծ ուներ 60-70-ական թվականներին, Սովետական Միության քանդվելուց հետո, վերջին տարիներին արդեն դիմագիծն աղավաղվեց։ Չնայած այդ ժամանակ սկսեցին կառուցվել որոշ ժամանակակից շենքեր՝ «Ռոսիա» կինոթատրոնը, Երիտասարդական պալատը, որոնք սիմվոլներ դարձան։ Հետո վերցրեցին դրանց հերն էլ անիծեցին։ Օրինակ՝ «Ռոսիա» կինոթատրոնը շատ խղճուկ վիճակում է, ամոթ է, որ այդպիսի օբյեկտ կա Երևանի կենտրոնում, կինոթատրոնը ճչում-գոռում է, ասում է՝ փրկեք ինձ, բայց չգիտեմ, թե ինչպես փրկենք ու ով պետք է փրկի: Հետո եղավ մրցակցություն, թե ով ավելի բարձր շենք կկառուցի, ով ավելի շատ իրար նման շենքեր կկառուցի։ Հիմա նայում ես՝ մի քանի ձեռագիր ես տեսնում. ծուռումուռ պատուհաններ՝ սպիտակը սևի հետ, ասես մի հոգի է անում, ճարտարապետական ոչ մի մոտեցում չկա:
– Ձեզ դուր չի՞ գալիս Երևանի ներկայիս տեսքը։ Ի՞նչ կուզեիք, որ լիներ այսօր։
– Արդեն Թամանյանն էր սկսել հին Երևանի վրա կառուցել։ Նա շատ հեղափոխական ձևով մոտեցավ, որ Երևանը պետք է լինի ժամանակակից քաղաք՝ տուֆից, լայն փողոցներով։ Երևանը նախագծվեց 150 հազար բնակչի համար, բայց 150-ը դարձավ մեկ միլիոն։ Երևանը խեղդվում է: Խեղդվում է ճանապարհների, մեքենաների խնդիրներով: Մեքենաների թվի ավելանալուն զուգահեռ՝ պետք է մտածեին տեղավորելու, ճանապարհների կարգավորման մասին: Քաղաքում առևտրային կենտրոններից, բնակելի շենքերից բացի պետք է որոշված լիներ վերգետնյա ավտոկայանատեղիների հարցը: Հիմա չգիտեն՝ ինչ անեն:
Գետնի տակ լամբողջությամբ կոմունիկացիա է, գետնի վրա հնարավոր չէ: Դրա համար ինֆարկտի է հասել Երևանը։ Ճանապարհները, կոմունիկացիաները երակներն են, իսկ եթե երակները սեղմվում, փակվում են, քաղաքը ինֆարկտի է հասնում: Պայմանականորեն եթե ես լինեի քաղաքապետ, միանգամից կկոնսերվացնեի քաղաքը և կմտածեի նոր բնակելի վայր կառուցելու մասին: Այլ տարբերակ չեմ տեսնում: Սխալ ճանապարհով ենք գնացել, քաղաքի զարգացումը գիտական ճանապարհով չի գնացել, լուրջ կառուցապատում է ընթանում, բայց գլխավոր հակատագիծ չկա, կոնցեպտ չկա: Ամեն մեկը դարձել է շինարար, ամեն մեկը դարձել է ճարտարապետ: Այս երկրում բոլորը՝ ատամնաբույժից մինչև տնտեսագետ, ճարտարապետ են: Դրա հիմնական պատճառն այն է, որ ճարտարապետներն իրենց տեղում չեն, չկա մասնագիտական մոտեցում, կա միայն գումար աշխատելու գործընթաց:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասել էր, որ Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք +15% սկզբունքով։
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին ամփոփվել էին առաջին փուլի արդյունքները, և երկրորդ փուլ էր անցել ամենաբարձր միավոր հավաքած 7 աշխատանք: Առաջիկայում կհայտարարվի Կոնդ թաղամասի վերակառուցման միջազգային մրցույթի երկրորդ փուլի մասին, որը կտևի մոտ 6 ամիս։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։
Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի